Սրտանց շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ես իհարկե գիտեմ, որ վերջին տարիներին մեր երկրին բաժին հասած դժվարություններն ու փորձությունները ստվերել են տոնական առիթներն ու տրամադրությունները, բայց ուզում եմ, որ դուք իմանաք ու գիտակցեք, որ այդ խնդիրների հաղթահարումն ու մեր երկրի հզորացումը հենց ձեզնով է պայմանավորված:
Ես բազմիցս ասել եմ, որ երիտասարդությանն է պատկանում մեր վաղվա օրը, մեր ապագան: Երկրի գալիքը հենց դուք եք կերտելու և ես շատ կուզենայի որ դուք գիտակցեիք ձեզ վրա դրված պատասխանատվությունը, սրտացավորեն վերաբերվեիք մեր երկրում առկա խնդիրների լուծման գործին, չլինեիք անտարբեր տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անտարբերությունը մեծ չարիք է, որը խանգարում է մեր ապագայի կերտման գործին: Միշտ եղե՛ք լավատես, հավատացեք, որ չլուծվող խնդիրներ չկան, սակայն մեր փոխարեն մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ միասնաբար կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ գիտության և կրթության ասպարեզներում, հետագայում նաև արդյունավետ աշխատանք ի նպաստ մեր երկրի բարօրության ու բարգավաճման :
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: