Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել: Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Գայ գյուղում 30-ամյա տղամարդու սպանության դեպքը: Վերջինիս՝ դանակահարված վիճակում հիվանդանոց ընդունվելու և մահվան մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 24-ին՝ ժամը 18:30-ին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով,
նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի հայրը՝ ծնված 1957թ.: Վերջինս նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին: Վարույթի շրջանակներում, ձերբակալվածի մասնակցությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողի և վերջինիս հոր հագին եղած հագուստները: Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունից հայտնել են, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: