2022 թվականի օգոստոս ամսվա հենց այս օրերն էին, երբ Աղավնոյում իր տունն այրեց 44-օրյա պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի եղբայրը՝ Արման Հայրապետյանը։ Նրա ավագ որդին՝ Ռուդիկը նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, իսկ կրտսեր որդին ծառայել է Հայոց բանակում։
«Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի տանս մեջ։ Ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ, կտան, թե չեն տա, իրենց խնդիրն է, չեմ էլ սպասում, որ պետք է տան։ Ես այն մարդը չեմ, որ 10 միլիոնի համար իր տունը հեշտ ու հանգիստ տա թուրքին։ Ես տունը նաև վառել եմ՝ հոգիս հանգստացնելու համար։
Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Սակայն, Արմեն Հայրապետյանն իր տունը չի ցանկացել թողնել Ադրբեջանին․ «Ես բոլորի մոտ էլ ասել եմ՝ ուզում են թող փոխհատուցում էդ տասը միլիոնը չտան, ինձ դա պետք չէ, ինձ պետք է իմ սրբությունը, որ էս տանն իմ կինն է քնել, ես եմ քնել, իմ էրեխեքը, թուրքը չքնի »։
Արման Հայրապետյանը Գորիսից էր։ Իմացա, որ մահացել մեղվի խայթոցից։ Կարծում եմ նրա վիրավորանքը, ցավը այնքան խորն է եղել, որ էլ չի դիմացել անգամ մեղվի խայթին։ Երբ բաժակը լցվում է, մի կաթիլ ավելացումն անգամ հերիք է, որ ջուրը թափվի։ Հետաքրքիր զուգադիպությամբ Արմանի մահը համընկավ Աղավնոյում իր տունը այրելու օրվա կամ օրերի հետ։ 44-օրյա պատերազմը շարունակվում է։