Մոտ մեկ ժամ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Սիրելի հայրենակիցներ,
երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ:
Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր:
Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:
Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները:
Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը:
Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ:
Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա:
Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է:
Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը:
Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի»։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը արձագանքել էր նրան, թե խորհուրդ տալու փոխարեն պետք է ընդդիմադիրներով հավաքվեն հրապարակում, քանի որ անտարբերության պատճառով հայրենիք է կորցվում։
Սաղաթելյանը ևս արձագանքել է այդ մեկնաբանությանը։
«Ես խորհուրդ չեմ տալիս, ես վիճակն եմ ներկայացնում ու կրկին բացատրում չհասկացողների համար, իսկ հասկացողներին ասում եմ, որ պատրաստ լինեն պայքարի։ 45 օր, 24 ժամ շարունակ հրապարակում էինք։ Եթե ես անտարբեր լինեի, շատերի նման ձայն չէի բարձրացնի։ Իսկ հրապարակից մենք չենք գնացել, օրեր առաջ է եղել վերջին հանրահավաքը, իսկ այսօր ԱԳՆ դիմաց ևս բողոքի ակցիա է եղել»,- նշել է Սաղաթելյանը։