Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ, «Ազատությանը» հայտնեց Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
«Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի:
Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», — ասաց Ռուբինյանը:
Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։