Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ երեքշաբթի օր
ը Բաքվի մերձակայքում՝ «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին դիմելով, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով, Անկարան և Բաքուն «ընդհանուր են համարում և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին»։ Դրանում թող ոչ ոք չկասկածի, ընդգծել է թուրք նախարարը, ով գտնվում է Ադրբեջանում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և զինված ուժերի հրամանատարների ուղեկցությամբ։
Զորավարժություններին հետևել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Հուլուսի Աքարը նշել է, որ ողջ աշխարհն այսօր ապրում է անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների շրջան։ «Ստեղծված իրավիճակում մեր երկրների և ժողովուրդների անվտանգության ապահովումը հնարավոր
է միայն և միայն ուժեղ բանակի առկայության միջոցով՝ որպես արդյունավետ զսպման գործոն, և դրա համար անհրաժեշտ է ունենալ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրեր, սպառազինություն և տեխնիկա», ասել է թուրք նախարարը։