Այսօր մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Zarkerak.am-ի հետ զրույցում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այդ զորավարժությունների անցկացումը տրամաբանական է համարում. «Այդ զորավարժությունները նոր չեն, այս տարածաշրջանում
պետությունները մշտապես զորավարժություններ են անցկացնում: Ինչպես գիտենք սրան նախորդել է իրանական կողմի զորավարժություններն Ադրբեջանի սահմանին, սա կարծում եմ՝ բավականին բնական երևույթ է, քանի որ տարծաշրջանում իրավիճակը բավականին լարված է և ամեն րոպե կարող են ստեղծվել հակամարտության նոր օջախներ»:
Ըստ թուրքագետի՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումն ավելի շատ ուղղված է Իրանի դեմ. «Գաղտնիք չէ, որ գնալով լարվում են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, արդեն երկուստեք միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցվում, կարծում եմ՝
այս ամենը տեղավորվում է հատկապես Իրան-Իսրայել հարաբերությունների համատեքստում: Ադրբեջանն համարվում է Իսրայելի հետ մոտ հարաբերություններ ունեցող պետություն և հետևաբար կարող ենք ասել, որ այս զորավարժությունները կարող են լինել հենց Իրանի դեմ: Կարծում եմ՝ տարածաշրջանը բավական լուրջ պատերազմի պատրաստություն է տեսնում»:Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ Արևմուտքն Իրանի դեմ լուրջ գործողություններ է պատրաստում. «Այդպիսի զորավարժություններում Թուրքիան էլ է ներգրավված,
իսկ Թուրքիան Արևմուտքի կողմից է: Ինչքան էլ նշենք այն փաստը, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են Ռուսաստանի հետ հարաբերություններում կտրուկ արտահայտություններ չանել, այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ Թուրքիան հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, իսկ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններն էլ իրականում այդքան ջերմ չեն, հակառակը՝ Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ է պահպանում Արևմուտքի հետ և պատահական չէ, որ հենց Արևմուտքի շատ երկրներ պատրաստվում են ռուսական գազի փոխարեն Ադրբեջանից գազ գնել»:
Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում։
Զորավարժությունում մարտական տարբեր առաջադրանքներ են կատարում ցամաքային և օդային ուժերը, հատուկ նշանակության զորքերը, ինժեներական և հրթիռահրետանային ստորաբաժանումները։Աննա Բզնունի