Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Տավուշի մարզում, որը հետո վերածվել է հրդեհի։ Ժամը 15։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 4 քաղաքացի նշված վայրից տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են
ծանր, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները տեղափովել են «Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել բենզալցակայանի սրահում եղած նոր լիցքավորված հեղուկ գազաբալոնից գազի արտահոսքից առաջացած պայթյուն, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել Տավուշի մարզի բնակիչ 60-ամայ Գարիկ Դավթյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Ղազարյանը, Տավուշի մարզի բնակիչ 63-ամյա Հենրիկ Գալստյանը և Երևանի բնակիչ 42-ամյա Մհեր Գևորգյանը։