ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. օգոստոսի 19-ին երեք զինծառայողի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը, պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիերը, հրազենային մահացու վնասվածքներով, հայտնաբերվել էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում:Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է, ինչին ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է մի քանի անգամ ավելի գումար, քան վերջինիս ունեցած պարտքն է եղել:
Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի:
2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայիկցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից: