Նոր մանրամասներ՝ երեկ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից. Մասիսի քաղաքապետի աշխատասեղանի մոտ արեց դա․․․

Զինված քաղաքացին մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, բարձրացել 4-րդ հարկ, կոտրել քաղաքապետի դուռն ու մտել ներս, բանակցությունների ընթացքում նռնակ նետել զբոսայգու ուղղությամբ. ոստիկանությունը կադրեր է հրապարակել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն կամ բանդիտիզմ հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։

Հանդիպումը պետք է տեղի ունենար Մասիս-Այնթափ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ հատվածում, ու այդ հանդիպման ժամանակ Է. Մարգարյանը, ով Kia մակնիշի ավտոմեքենայով է եղել, ատրճանակից կրակոց է արձակում դեպի օդ և դիմում փախուստի։ Այնուհետև 40-50 րոպե անց գնում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատավայր, մտնում ներս և այնտեղ գտնվող պահակի հասցեին հայհոյանքներ հնչեցնում, բարձրանում 4-րդ հարկ, որտեղից էլ 2 անգամ կրակոց է արձակում և նռնակ նետում։ Արդեն ժամանած ոստիկանության, Ազգային անվտանգությն ծառայության, Հայաստանի քննչական կոմիտեի, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները քաղաքապետարանի դիմացի գլխավոր փողոցը սահմանազատում են՝ ելնելով բնակիչների անվտանգությունից, ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ տևական ժամանակ բանակցություններ են սկսվում, սակայն Է. Մարգարյանը չի արձագանքում ոստիկանների հորդորներին, ինչպես նաև անպատասխան է թողնում անգամ դեպքի վայր ժամանած իր մոր խնդրանքները։ Տեսնելով, որ Է. Մարգարյանը չի պատասխանում անգամ մորը, տեղում որոշվում է՝ հնարավոր հետագա գործողությունները կանխելու նպատակով ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանական հատուկ ջոկատը մտնում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի շենք ու ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատասենյակում՝ նրա գրասեղանի մոտ եղած աթոռի վրա, հայտնաբերում են Է. Մարգարյանին՝ մահացած վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտներով, իսկ Դ. Համբարձումյանի աշխատանքային սեղանի վրա հայտնաբերվել է 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, և թվով 2 հատ ատրճանակից կրակված պարկուճ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարելու համար Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Մուրադյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 19-ին, մեկ ժամից ավելի էր, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով, մտել էր Մասիսի քաղաքապետարան և սպառնում էր այն պայթեցնել: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էին վարել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Տեղում է եղել նաև

ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ: Թե ինչն էր եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում էր: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ներսես Մուրադյանի գլխավորությամբ: Քաղաքապետարանի շենքի մի հատվածում ուժեղացված ծառայություն էին կատարել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի և նույն վարչության կարևորագուն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ այդ տղամարդը մի քանի կրակոցներ էր արձակել, ապա նռնակ պայթեցրել:

Բանակցությունները նրա հետ շարունակվել էին, և նրա բողոքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեմ էր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Մինչ էսքան միլիցեքի գալը, էդ տղամարդու հետ մտավ բանակցություններ վարի Արարատի մարզային ոստիկանության ինչ-որ պաշտոնյա, հետո իմացանք, որ կրակոցներ է արձակել տղամարդը ու նռնակ ա գցել, բայց լավ է, էդ ոստիկանության աշխատողը չի տուժել»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանի մասին էր, ով այդ պահին էլ շենքի մի հատվածում իր ծառայակից ընկերների հետ շարունակել էր ծառայությունը, ու երջանիկ պատահականություն էր եղել, որ այդ տղամարդու արձակած կրակոցների և նռնակի պայթելու հետևանքով Հ. Միրոյանը չէր տուժել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *