Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ «ՄԱԶ» բեռնատարն ու «Լադա»-ն բախվել են․ «Լադա»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Սյունիքի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Ժամը 13։10-ի սահմաններում Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում 63-ամյա Գագիկ Ա.-ի վարած «ՄԱԶ» բեռնատարն ու 72-ամյա Վալերիկ Ա.-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան բախվել են։ Վթարի հետևանքով «Լադա»-ն վերածվել է մետաղե ջարդոնի։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հրշեջ փրկարարները դուրս են բերել «Լադա»-ի վարորդին և նրան անմիջապես տեղափոխել շտապ օգնության մեքենայով Սիսիանի բժշկական կենտրոն։ Տուժել է նաև 65-ամյա ուղևոր Արուս Ե., ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։

Դեպքի վայրում աշխատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Սիսիանի քննչական բաժնի քննիչները։ Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական վճռով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *