Օգոստոսի 14-ին ժամը 13։23-ին Երևանում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Հայտնի է, որ պայթյունը տեղի էր ունեցել առևտրի կենտրոնում գտնվող պայթուցիկ նյութերի պահեստում: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցներում պարբերաբար հայտնել է, որ սեփականատիրոջ հետ շփումների արդյունքում պարզվել է, որ շենքում, նախնական գնահատականներով, 4-5 տոննա հրավտանգ նյութեր են եղել նախքան պայթյունը։ Պարզվում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթել է «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող պահեստը: Ի դեպ, «Ապառաժ» ՍՊԸ-ն նման մի քանի պահեստներ ունի:
«Ապառաժ» ՍՊԸ-ի պաշտոնական կայք էջում նշված է, թե որ կազմակերպություններն են վերջինիս հետ համագործակցում: Պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող այս կազմակերպության գործընկերների շարքում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Վալեքս գրուպ» ՓԲԸ-ն (Ախալայի լեռնահարստացման կոմբինատ), «Դանդի փրիշս մետալս Կապան» ՓԲԸ-ն: Հիշեցնե՛նք, որ ԱԻՆ-ի վերջին տվյալներով այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, իսկ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։