Բաքուն 4,7 միլիոն դոլարով PR ընկերություն է վարձում՝ կլիմայիգագաթնաժողովից առաջ իր իմիջը մաքրագործելու համարՀարութ Սասունյան


http://www.TheCaliforniaCourier.com
Ադրբեջանի բռնապետական
եւ կոռումպացված կառավարությունը 4,7 միլիոն դոլար է վճարում
ամերիկյան PR ընկերությանը, որպեսզի մաքրագործի իր արատավոր իմիջը՝ այ
ս տարվա նոյեմբերին Բաքվում COP29 հեղինակավոր միջազգային համաժողովի
հյուրընկալումից առաջ:
Փետրվարին Ադրբեջանը վարձել է հասարակայնության հետ կապերի
ամերիկյան Teneo Strategy ընկերությունը, որպեսզի «պատերազմող նավթային
պետությունը նմանվի Մայր Թերեզային», ըստ Նիք Քլիվլենդ-Սթաուտի,
որը ResponsibleStatecraft.org կայքում մի հոդված է հրապարակել՝ «Ինչպես է
Ադրբեջանը «կեղծ խաղաղությամբ մաքրում» իր իմիջը COP29-ից
առաջ. Բաքուն, թանկարժեք PR ընկերության որոշակի օգնությամբ, նոյեմբերին
հյուրընկալում է կլիմայի գագաթնաժողովը» վերնագրով։
Իր չափազանց բարձր վարձատրությունը վաստակելու համար Teneo-ն շուրջ
500 անգամ կապ է հաստատել «88 տարբեր համաշխարհային
լրատվամիջոցների 144 լրագրողների հետ՝ առաջ մղելու Ադրբեջանի COP29-ի
օրակարգը…. Միայն մեկ օրվա ընթացքում PR ընկերությունը… մեդիա ֆորումի
ժամանակ ընթրել է երեք լրագրողների հետ Լեռնային Ղարաբաղի
հինգաստղանի հյուրանոցի ռեստորանում: Հենց հաջորդ օրը նրանցից մեկը
Պակիստանում հրապարակված հոդվածում գովաբանել է Ադրբեջանի կողմից
տարածաշրջանի նկատմամբ նոր հաստատված վերահսկողությունը, իսկ մի
քանի շաբաթ անց թվիթերում գրել է՝ Ադրբեջանի «բախտը բերել է, որ
նախագահ Իլհամ Ալիեւի նման ղեկավար ունի»։
Ադրբեջանցի մի պաշտոնյա հայտարարել է, որ իր երկիրը վարձել է Teneo-ին
«COP29-ի հաղորդակցման գործառույթը կազմակերպելու համար, ներառյալ
պատմության զարգացում, սկզբնական բովանդակության մշակում,
հաղորդակցության եւ ներգրավվածության քարոզարշավի պլանավորում,
խնդիրների կառավարում, կազմակերպչական զարգացում, լրատվամիջոցների
հետ կապերի կարողության հաստատում եւ լրատվամիջոցների
վերապատրաստում»: Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ «Teneo-ի առնվազն
հինգ ղեկավարներ մշտապես գտնվում են Բաքվում՝ մինչ օրս 350 հազար դոլար
ծախսելով ավիատոմսերի եւ հյուրանոցների վրա»:
Նախագահ Ալիեւի գլխավոր խորհրդական Հիքմաթ Հաջիեւն անամոթաբար
հայտարարել է «COP29 զինադադարի» մասին, ինչը նշանակում է, որ
Ադրբեջանը կոչ է անում աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հրադադար
հայտարարել նոյեմբերյան համաժողովի ընթացքում: Նման
կեղծ հայտարարություն անում է մի երկիր, որի ղեկավարը բազմիցս
սպառնացել է ներխուժել Հայաստան։ Սա մեզ հիշեցնում է
աստվածաշնչյան հորդորը. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»:
Նիք Քլիվլենդ-Սթաուտը գրել է. «Ադրբեջանը հայտնի է դարձել իր նավթային
հարստությունը ցուցադրելով՝ օտարերկրյա պաշտոնյաներին, օրենսդիրներին եւ
լրագրողներին նվերներով, անվճար թռիչքներով եւ շքեղ հյուրանոցներով
սիրաշահելու համար, ինչը կոչվում է «խավիարային դիվանագիտություն»:
Համաձայն Responsible Statecraft-ի՝ Հասանելիության ազատության մասին
ակտի պահանջի միջոցով ստացված ուղեւորության երթուղու, Մեյն նահանգի
օրենսդիրները մայիսին ինը օր անցկացրել են Ադրբեջանում, որոնց
ճանապարհածախսը, սնունդը եւ կացարանն ապահովել է Ադրբեջանի Սփյուռքի
հետ աշխատանքի պետական կոմիտեն, այն նույն գործակալությունը, որը
հյուրընկալել էր [Նյու-Յորքի քաղաքապետ Էրիկ] Ադամսի օգնականներին։
Երթուղու մի մասը ներառում էր երկօրյա ուսուցում «օկուպացիայից
ազատագրելուց հետո նոր զարգացման» մասին Լեռնային Ղարաբաղում:
«Կարծում եմ, որ պետք է գտնեմ անձնագիրս։ Ես շատ հուզված եմ…», գրել
է նահանգի ներկայացուցիչ Ջիլ Դյուսոնը՝ ի պատասխան հրավերի։ Հունիսին
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը նույնիսկ վարձել էր նախկին
պատգամավոր Քրիս Ստյուարտին (Հանրապետական-Յուտա)՝ Կոնգրեսի
պատվիրակությունների այցերն Ադրբեջան համակարգելու համար»:
Բացի այդ, Նիք Քլիվլենդ-Սթաուտը նշել է, որ Ադրբեջանը վարձել է մեկ այլ PR
ընկերություն՝ «The Friedlander Group-ը, որն Ադրբեջանի արտաքին գործերի
նախարարության կողմից վարձված ընկերություն է, [որը]
Վաշինգտոնում Կոնգրեսում առաջատարն է: RS-ի կողմից ստացված
էլեկտրոնային նամակը ցույց է տալիս, որ ընկերությունը սեպտեմբերի 23-ին
նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով չստորագրել Կոնգրեսի
նամակը, որը կոչ էր անում Բաքվին ազատ արձակել հայ բանտարկյալներին
COP29-ից առաջ»: Ընկերության գործադիր տնօրեն Էզրա Ֆրիդլենդերը գրել է
Կոնգրեսի անդամներին՝ «մենք Ադրբեջանին պարտք ենք
գովասանք, ներողություն եւ օգնության ձեռք»:
Վերադառնալով Teneo PR ընկերությանը՝ Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ.
«Երբ Ադրբեջանը հուլիսին 300 օտարերկրյա լրագրող տեղափոխեց նոր
վերահսկվող Լեռնային Ղարաբաղ՝ մեդիա ֆորումի, Teneo-ն հանդիպումներ
անցկացրեց եւ թանկարժեք ընթրիքներ կազմակերպեց՝ դրանց ընթացքում
քննարկելով հարցազրույցներ Ադրբեջանի COP ղեկավար թիմի հետ»:
RS-ի թղթակիցը գրել է, որ «Teneo-ի հետ հանդիպումից երեք օր անց հնդկական
The Hindu ազդեցիկ թերթը հոդված հրապարակեց՝ «Կլիմայի համաժողով
նոյեմբերին՝ ընդգծելու «խաղաղությունը» եւ «հրադադարը»» վերնագրով։
Ընկերությունը նաեւ «օժանդակել է «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածին, որտեղ
ներկայացված է [Մուխթար] Բաբաեւը [COP-ի նախագահ] Ադրբեջանում, որը
մասամբ հիմնված է Լեռնային Ղարաբաղ կատարած ուղեւորության վրա»։
Teneo-ն 17 հոգուց բաղկացած թիմ է առանձնացրել ադրբեջանամետ PR
առաջադրանքի համար։ Ադրբեջանի պաշտոնյաները շատ գոհ են իրենց երկրի
համար Teneo-ի կողմից իրականացվող քարոզչությունից: Բաբաեւն
ադրբեջանական հեռուստաընկերությանն ասել է, որ «Ադրբեջանի մասին
միջազգային ընկալումները փոխելու կառավարության մեդիա
ռազմավարությունը հաջողված պատմություն է, ներառյալ նրա «տարածքային
ամբողջականության վերականգնումը»՝ անդրադառնալով նրա հարձակմանը
Լեռնային Ղարաբաղում։ Առանց Teneo-ի անունը նշելու, նա բարձր է գնահատել
նոր մեդիա թիմը, որը «բաղկացած է լուրջ մասնագետներից…»։ Շնորհիվ այս
պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, այս տարի չկա մի շաբաթ, որ մենք
տեղեկատվություն չտրամադրենք եւ հայտարարություններ չանենք միջազգային
լրատվամիջոցներին… Հիմա նրանք բոլորը հասկանում եւ տեսնում են մեր երկրի
հզորությունը»։
Ամենացավալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ թույլ տվեց
Ադրբեջանին անցկացնել համաժողովը՝ հանելով Հայաստանի վետոն՝ 32 հայ
ռազմագերիների ազատ արձակման դիմաց ազատ արձակելով 2023 թվականին
Հայաստանի սահման ներթափանցած եւ անմեղ հայ աշխատողին սպանած
ադրբեջանցի երկու մարդասպաններին։
Թեեւ ես ողջունում եմ 32 հայ գերիների վերադարձը, սակայն կարծում եմ, որ
Փաշինյանը պետք է սակարկեր Ադրբեջանի կողմից Բաքվում պահվող բոլոր հայ
ռազմագերիներին եւ Արցախի ութ քաղաքական պատանդներին ազատ
արձակելու համար: Նախագահ Ալիեւն այնքան տարված էր ՄԱԿ-ի
հեղինակավոր համաժողովն Ադրբեջանում հյուրընկալելու ցանկությամբ, որ նա
կհամաձայներ նման համապարփակ գործարքի:
Եթե Փաշինյանը նման գործարքի գնար, ապա ամբողջ աշխարհում հայերն ու ոչ
հայ կարեկից մարդիկ ստիպված չէին լինի այդքան տքնաջանորեն աշխատել
Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ մինչեւ նոյեմբերի համաժողովը
բոլոր հայ բանտարկյալներին ազատելու նպատակով։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *