ԳՈՅ թատրոնի հետ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվողին դժվար է ռացիոնալ բացատրություն գտնել։ Պաշտոնական մեկնաբանությունները մինչ այս պահը համոզիչ չեն եղել, քանի որ թատրոնին առաջարկվում է ոչ թե հաստիքների կրճատում (եթե խնդիրը պետական միջոցների խնայողությունն է), այլ` պարզապես ինքնուրույնության կորուստ։

Գոյ-ին առաջարկվում է հակաբնական բան` դադարել գոյություն ունենալ։

Ստացվում է` փոքր թատրոնները Հայաստանում չե՞ն կարող ինքնավար լինել։ Մեր երկրին պետք չե՞ն փոքր թատրոններ, ինքնուրույն մտածող, ազատ որոշումներ կայացնող մշակութային, արվեստային միավորներ։

Գոյ ազգային փորձարարական թատրոնը և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բոլորովին տարբեր թատերական միավորներ են։ Նրանք նույն շենքում են գտնվում միայն տեխնիկական պատճառներով։

«Մայր թատրոնի» տանիքի տակ գտնվող դատարկ, անբարեկարգ, ոչնչի չծառայող տարածքը ավելի քան 35 տարի առաջ հատկացվել է Գոյ անկախ թատերախմբին, և այդ պահից սկսած այդ անխնամ տարածքը սկսել է փոխվել, դարձել է դահլիճ։ Գոյի մարդկանց ձեռքերով են այդտեղ գոյացել բեմը, հանդիսատեսի տարածքը, նստարանները, և այլն։ Դահլիճը ֆիզիկապես գտնվում է Մայր թատրոնի տարածքում, բայց այդ «մոր» հետ այն կապված է միայն տեխնիկական պորտալարով։ Սրանք երկու` լրիվ առանձին, այլ տրամաբանության մեջ գործող թատրոններ են։ Փոքր թատրոնն ունի բոլորովին այլ հանդիսատես, այլ խաղացանկ, այլ ոճ, այլ տրամաբանություն։ Փոքր թատրոնները կարևորագույն տեղ ունեն ցանկացած` իրեն մշակութային համարող երկրի կյանքում։ Թատրոնի դերն անհնար է չափել նստարանների կամ վաճառվող տոմսերի քանակով։ Երկու` օրգանապես տարբեր միավորների փոխպատվաստումից չի կարող ծնվել միասնական օրգանիզմ։

Գոյն այսօր հանգել է լավագույն որոշմանը, որին կարելի էր գալ այս իրավիճակում` շարունակել գործել իր նույն տարածքում` արդեն անկախ կարգավիճակով, որպիսին այն հանդիսանում էր 22 տարի շարունակ` նախքան ՊՈԱԿ դառնալը (2010թ.)։ Գոյին ընդամենը պետք է մի փոքր աջակցել` նորից անկախանալու ճանապարհին, որպեսզի թատրոնը հասցնի վերականգնել ինքնաֆինանսավորման ուղիները և ավելի վստահ շարունակի իր անկախ ճանապարհը։

Գոյ թատրոնը պետք է Երևանին, պետք է հայ հանդիսատեսին, պետք է Հայաստանին։ Գոյը պետք է պահպանի իր ձեռքերով ստեղծած դահլիճը և ստանա աջակցություն` անկախ կարգավիճակին վերադառնալու ճանապարհին։

«Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպություն

Հայտարարությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սատարել Գոյ թատրոնին` իր ստեղծագործական իրավունքի իրացման ճանապարհին։ Միացողներին խնդրում ենք մեկնաբանություններում նշել իրենց անունը, կարգավիճակը և կիսվել այս հայտարարությամբ իրենց էջերում։

Հարգանքով` Մուզանավ ՀԿ հիմնադիր, նախագահ, երգահան, Գոյ թատրոնի հանդիսատես ու բարեկամ` Լիլիթ Բլեյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *