Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ չնայած գյուղը տարհանվել էր, սակայն կային բնակիչներ, որոնք հրաժարվում էին լքել գյուղը։ «Հետո իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել մի ընտանիքի։ Ամուսիններ էին։
Ադրբեջանցիներն ամուսիններին հրամայել են դուրս գալ տնից։ Հրաժարվել են։ Տեղում սպանել են։ Հետո սպանվածների որդին եկել է, որպեսզի ծնողներին տանի, չգիտեր, որ սպանված են, նրան էլ ադրբեջանցիները հենց մեքենայի մեջ են սպանել»,-պատմեց մեր զրուցակիցը։
Նա ասաց, որ գյուղացիների տվյալներով՝ Վարդաձորում 5 քաղաքացիական անձ է սպանվել։ Գյուղը տարհանվել է Ստեփանակերտ։ Մեր զրուցակցի պատմելով՝ հիմա էլ Ստեփանակերտում կրակոցի ձայներ են լսվում։ «Բայց տղաներս հենա Մարտակերտի դիրքերում են։
Մի քանի ժամ առաջ եմ տղայիս հետ կապի դուրս եկել, ասեց՝ դիրքերում ենք, հրաման չկա իջնելու»։
Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400:
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10-ը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։