Գիտելիքի և ուսումնական տարվա մեկնարկին զրուցել ենք Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ, ով առաջին հերթին շնորհավորեց աշակերտներին, ուսանողներն, ուսուցիչներին՝ մաղթելով գիտելիքաշատ և ուսումառատ տարի:
Ուսանողների ուսումնառության հարցերն ու հետագայում աշխատանքի տեղավորումը մշտապես եղել են Դավիթ Խաժակյանի և նրա թիմակիցների ուշադրության կենտրոնում: Երևանի քաղաքապետարանն ինքնին բազմապրոֆիլ հիմնարկ է, ասել է թե այն ընդգրկում է առկա բուհերի գրեթե բոլոր մասնագիտությունները: Օգտվելով այս հնարավորությունից՝ Դավիթ Խաժակյանը սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների իր ծրագրային դրույթներում է ավելացրել մի հրաշալի առաջարկ մեր ուսանողության համար: Համաձայն այդ ծրագրի՝ այն ուսանողները , ովքեր լավագույն արդյունքներ կցուցաբերեն կրթական գործընթացում և փայլուն կերպով կավարտեն բարձրագույն ուսումնական հաստատությունները, հնարավորություն կստանան առանձին քվոտայով ընդգրկվելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում:
Այսինքն հաստիքացուցակով կլինեն առանձնացված հստակ կարգավիճակներ, որոնք թույլ կտան բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ուսանողներին ուղղակիորեն ընդգրկվել քաղաքապետարանի աշխատակազմում: Այս քայլով կլուծվեն առնվազն երկու մեծ խնդիր. առաջինը քաղաքապետարանում թափուր աշխատատատեղերի հարցի լուծումն է, երկրորդը՝ ուսանողների աշխատանքի տեղավորումը:
Ծրագրային այս դրույթը բուռն արձագանք է ստացել ուսանողության կողմից, քանի որ ուսումնառությունից հետո նրանց առջև ծառացած խնդիրների լուծման հարցում վերջիններիս կողմից այն դիտարկվում է որպես իրական հնարավորություն: