Անօդաչու թռչող սարքերով հարձակման ենթարկված Պսկովի օդանավակայանը կվերսկսի բնականոն աշխատանքը օգոստոսի 31-ից։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը, գրում է Meduza–ն:
«Ավարտվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Պսկովի օդանավակայանի քաղաքացիական ենթակառուցվածքի հետազոտությունը։ Օդանավակայանը լիովին պատրաստ է ընդունելու ուղևորներին, ուստի վաղվանից այն կշարունակի աշխատել սովորական ռեժիմով»,- ասել է Վեդերնիկովը։
Նահանգապետն ավելի վաղ ասել էր, որ օդանավակայանը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ իրավիճակների ծառայությունները չեն ուսումնասիրել թռիչքուղու վնասի չափը:
Գիշերը Պսկովի օդանավակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել։ Ութ քաղաքացիական չվերթ չեղարկվել է օդանավակայանի փակման պատճառով։
Այն ուղևորներին, ովքեր կորցրել են թռիչքի հնարավորությունը, «Ռուսական երկաթուղիները» լրացուցիչ վագոններ են հատկացրել Պսկով-Մոսկվա գնացքում։