Խիստ հրատապ տեղեկություն․․
Վերջին մի քանի օրերի ընթացքում շրջանառվում են լուրեր, որ Ադրբեջանում մոբիլիզացիա է հայտարարվելու, սակայն այնտեղ դեռ մոբիլիզացիայի կարիք չկա, քանի որ Թուրքիայում պատրաստություն անցած պրոֆեսիոնալները լիովին ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝
Անընդհատ մոբիլիզացիայի մասին տարածվող լուրերը և սահմանին զինտեխնիկայի կուտակումը կարող է նշանակել միայն, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, շարունակեց մեր զրուցակիցը, և նշեց, որ մենք շատ լավատես կլինենք, եթե մտածենք, որ այս ամենն արվում է միայն հոգեբանական ճնշում գործադրելու համար։
“Ամենը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստվում է սկսել ռազմական գործողություններ 3 ուղղություններով՝ Սյունիք, Տիգրանաշեն և Տավուշ։ Սյունիքին երկու կողմից են խփելու՝ Նախիջևան և Քարվաճառ, Տիգրանաշենը նույնպես Նախիջևանի կողմից և Տավուշը՝ Թովուզի կողմից”,- շեշտեց Ադիբեկյանը։
Նա քննադատեց Արցախի իշխանություններին՝ նշելով, որ նրանց գործողությունները վերջին օրերին ոչ կոմպետենտության դրսևորում են.
“Արայիկ Հարությունյանը, հավատալով Նիկոլին, իրավիճակը բերել և հասցրել է այս կետին։ Նա քաջ գիտակցում է, որ կորցնելով իշխանությունը, կկորցնի նաև իր կյանքը, ուստի հիմա պատրաստ է ամեն քայլի, միայն թե չկորցնի իր իշխանությունը”,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Շարունակելով իր խոսքը, Ադիբեկյանը շեշտում է, որ այդ ամենը հնարավոր էր միայն Նիկոլ Փաշինյանի 5 տարվա անգործության հետևանքով։ Պատերազմից անցել է 3 տարի, սակայն այս 3 տարվա մեջ չեն զինել բանակը, չեն նորոգել նոր դիրքերը, որոնք առաջացել են նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթով և չեն անցկացրել ոչ մի զորավարժություն, մինչդեռ թշնամին անցկացրել է 10-ից ավելի զորավարժություն։
“Փաշինյանը եկել է համաձայնության, որ տարհանում է տեղի ունենալու և ազատ Արցախը հայաթափելու և հայազրկելու է։ Երևանում հսկայական կոմպլեքսներ են կառուցում, որպեսզի բնակեցնեն այդ մարդկանց և այդ ամենը միայն նրա տված համաձայնությամբ։ Փաշինյանը Արցախի հայաթափման հանցակիցներից առաջինն է”,- եզրափակեց Ադիբեկյանը։
Մարիա Զարգարյան