Այսօր զրուցեցինք Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ՝ ծանոթանալու նրա կողմից առաջարկվող բարեփոխումներին և այն ծրագրերին, որոնք որպես իրագործելի նպատակ կտեսնենք առաջիկայում:
Մեզ հետ զրույցում պարոն Խաժակյանն ընդգծեց Երևանի մի շարք խնդիրներ և առաջնահերթությունները, որոնք իր գործունեության ընթացքում վեր է հանել՝ հաշվի առնելով դրանց կարևորությունն ու լուծման արդիականությունը՝ նաև մեր քաղաքացիների տեսանկյունից դիտարկելիս:
Այդ խնդիրներից է Երևանի՝ լուսացույցների միջոցով երթևեկության կարգավորման հարցը: Վերջին տասնամյակների ընթացքում այս ոլորտում որևէ էական փոփոխություն չի եղել: Ըստ Խաժակյանի՝ խաչմերուկներում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ կատարված միակ փոփոխությունը ճանապարհային ոստիկանությանը փոխարինումն է պարեկներով: Սակայն ժամանակակից աշխարհը արդեն իսկ ներդրել է ինքնաշխատ լուսացույցների համակարգը, ինչը և Դավիթ Խաժակյանն առաջարկում է կիրառել մայրաքաղաքում: Ըստ այդ փոփոխության՝ պետք է փոխարինվեն բոլոր լուսացույցները. այս գործընթացի հիմքում ընկած է երկու բաղադրիչի կիրառում՝ հեռվից կարգաբերում և տեսախցիկի առկայություն( վերջիններն առկա են գրեթե բոլոր խաչմերուկներում), որոնք թույլ կտան կարգավորել լուսացույցների աշխատանքը հեռահար եղանակով՝ ոչ թե ստանդարտ կարմիրը կանաչի փոխելով, այլ փոփոխելով վայրկյանները: Սա թույլ կտա ճիշտ կարգավորել խաչմերուկը և ավելի արդյունավետ կազմակերպել երթևեկությունը: Պարզ օրինակով՝ եթե քաղաքում կան խաչմերուկներ, որոնց հոսքերը անհամաչափորեն ծանրաբեռնված են օրվա տարբեր ժամերին, ապա այս նորամուծության արդյունքում հեռահար եղանակով հնարավոր կլինի կարգաբերել լուսացույցը՝ վայրկյանների հարաբերակցությունը փոխելով:
Սա երթևեկության՝ լուսացույցների արդիականացման միջոցով կարգավորման առաջին քայլն է: Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն առաջարկում է նաև երկրորդ քայլը. այն է՝ ներդնել կարգավորման ինքնաշխատ եղանակ, երբ լուսացույցները, հոսքերը ավտոմատ հաշվարկելու միջոցով, արդունավետ կերպով կբեռնաթափեն ծանրաբեռնված հոսքերը՝ ավելի արդյունավետ և հանգիստ դարձնելով երթևեկությունը քաղաքում: