Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող
Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։ Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չենք հայտնում։ Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։