Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։
Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչականբաժնի խումբը՝ բաժի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով տրանսգենդեր է․ նախաքննության շահերից ելնելով՝ ինքնությունը չենք հայտնում։
Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանը այրել են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։