Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի և նշված վայրում տեղի է ունեցել վթարը»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում:
Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը:Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խմբերը:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: