Արդեն մի քանի ժամ է թշնամին հրետանային և ականանետային միջոցներով կրակում է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Սա՝ ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացված երկարատեւ բանակցություններից հետո, Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք բանակցություններից առաջ:
Մենք կանխատեսել էինք, որ բանակցային գործընթացն այս պահին արդյունավետ լինել չի կարող:
Նախ, տրամագծորեն տարբեր են հակամարտության կողմերի պատկերացումները սկզբունքային մի քանի հարցերի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթացն անգամ երաշխիքներ չի ստեղծում, որ Ադրբեջանը ճանաչելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:
Երկրորդ, շարունակվող գլոբալ հակադրությունը հնարավոր չի դարձնում միջազգային կոնսոլիդացված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ, ուստի ցանկացած պայմանավորվածություն չափազանց փխրուն է ու մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն այն խախտելու է՝ բանակցային գործընթացում իր դիրքերն ամրապնդելու նպատակով:
Եվ վերջապես՝ արևմտյան հարթակներում բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ դրանց չի մասնակցում Ռուսաստանը, որն, ըստ էության, հակամարտության երեք կողմերից մեկն է ու առանց նրա մասնակցության՝ հնարավոր չէ կյանքի կոչել որևէ պայմանավորվածություն:
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանին հաջողվում է խաղալ աշխարհաքաղաքական հակասությունների վրա:
Վահրամ Բագրատյան