Բանգլադեշի կենտրոնում մահվան ելքով վթար է տեղի ունեցել, երբ ավտոբուսն ընկել է ճամփեզրի ձորը՝ հավանաբար վարորդի կառավարումը կորցնելու հետեւանքով։
Վթարի հետեւանքով 19 զոհվել է, վիրավորվել 20 մարդ։
Հաղորդվում է, որ ավտոբուսը հարավարեւմտյան Խուլնա քաղաքից ուղեւորվում էր երկրի մայրաքաղաք Դաքա։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը մոտեցել է Մադարիպուր շրջանի Շիբչար թաղամասին, հայտնել է ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Աբու Նայեմ Մոֆազալ Հուկը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում մահացել է 14 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը։ Ավելի ուշ մահացել է եւս երեք մարդ, հաղորդում է Բանգլադեշի United News-ը:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է եղել վթարի պատճառ։
Բանգլադեշում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախ են տեղի ունենում ճանապարհային երթեւեկության կանոնները չպահպանելու, անզգույշ վարելու եւ արագությունը գերազանցելու պատճառով։ Բանգլադեշում տարեկան մոտ 8000 մարդ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով։