Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի՝ Հայաստանի տարբերակում Արցախի մասին կետ կա։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որը մեր տարբերակն է՝ կա, որը Ադրբեջանն է ուղարկել՝ իրենց կարծիքով լուծում է նաեւ այդ խնդիրը, մեր կարծիքով չի լուծում այդ խնդիրը։ Մեր տպավորությամբ Ադրբեջանն այդ ձեւակերպումներով փորձում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացնելու մանդատ ստանալ մեր ձեռքով»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանը մի քանի օր առաջ պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած վերջին առաջարկներին։