Հայաստանում սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ սննդամթերքի գներն աճել են 13.5 տոկոսով: Բայց հուլիսին հունիս ամսվա համեմատ, սննդամթերքն էժանացել է 4.3 տոկոսով: Գնանկում արձանագրել է վիճակագրական կոմիտեն, բայց ինքը՝ քաղաքացին այդ գնանկումը չի զգում: Հայաստանի բոլոր քաղաքներում հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի գները նվազել են, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իջևանում: Հիմնականում էժանացել է լոբին, բրինձը, հնդկացորենը, ոսպը: Մյուս կողմից, հացն է թանկացել՝ 1.2 տոկոսով, իսկ մակարոնեղենի գներն աճել են 1.5 տոկոսով: Ընդ որում՝ մականորեղենի ու հացի շուկայում գնաճ արձանագրվել է դեռեւս նախորդ տարվանից: Պանրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 26.2 տոկոսով:
Թանկացել է նաեւ ձուն. ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում ձվի գինը բարձրացել է 2.7 տոկոսով: Շաքարավազի շուկայում եւս գնանկում է արձանագրվել՝ 1.6 տոկոսի չափով: Բայց միեւնույն է՝ շաքարավազը շարունակում է բարձր գնով վաճառվել: Օրինակ, այս ապրանքատեսակը այս տարվա հուլիսին նախորդ տավա նույն ամսվա համեմատ թանկացել է 7.5 տոկոսով: Ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 18 տոկոսով: Նախորդ ամիս ձեթն է էժանացել. վիճակագրական կոմիտեն այս շուկայում արձանագրել է 3.7 տոկոս գնանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարագի շուկայում եւս գնանկում է արձանագրվել: Բանջարեղենի շուկայում հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 33.7 տոկոս գնանկում:
Մանրամասները՝ տեսանյութում