Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1983-91թթ սովորել է Երևանի թիվ 35 միջնակարգ դպրոցում: 1993թ. ավարտել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: 1993-98թթ սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի թեորիայի և պատմության բաժնում, 1999-2002թթ` ասպիրանտուրայում: 1993թ. եղել է «Այո» երիտասարդական շաբաթաթերթի լրագրող: 1998թ-ից «Հայկական Ռերիխյան կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ է, որտեղ 2008թ-ից հանդիսանում է «Մշակույթի պահպանման լիգա»-ի նախագահը: 2002-03թթ եղել է «Հայրենիք» հեռուստաընկերության «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդաշարի հեղինակն ու ռեժիսորը, որի համար Յալթայի միջազգային հեռուստակինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն մանկական հաղորդում» և ՌԴ ժուռնալիստների միության կողմից «Տարվա լրագրող» մրցանակներին: 2003թ. Ռուսաստանի ժուռնալիստների միության և Միջազգային հեռուստառադիոակադեմիայի հրավերով մասնակցել է «Россия-взгляд со стороны» հաղորդաշարին, որտեղ «Սիբիրյան նոթեր» հեղինակային աշխատանքի համար արժանացել է ոսկե մեդալի և ՌԴ ժուռնալիստների միության Հատուկ մրցանակի, իսկ 2006թ.` «Միր» հեռուստաընկերության մրցանակին: 2003-06թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը, 2005-06թթ` «Երևան» ռադիոկայանի տնօրենը: 2006թ-ից «Ասլամազյան ցուցասրահ» ընկերության տնօրենն է: 2007-08թթ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ վարել է «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման ռուսերեն թողարկումը: 2009-10թթ հանդիսացել է ՀՀՌ խորհրդի վերլուծության և տեխնիկական հսկողության վարչության ղեկավարը: 2010թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Լքյալները», «Վերջին ցանկություն», «Ուրիշ կինո», «Ուր է իմ տղամարդը», «Եզրագծից այն կողմ», «Խաղից դուրս» և այլն: Վարել է «Բարի լույս, հայեր» հաղորդաշարը: