Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել «անհապաղ և համաձայնեցված գործողություններ» ձեռնարկել երեխաներին վնասակար դեղամիջոցներից պաշտպանելու համար: Մի շարք երկրներում հազի օշարակների պատճառով երեխաների մահվան դեպքեր են գրանցվել, որին հաջորդել է ԱՀԿ-ի այս հայտարարությունը:
The Guardian-ը գրում է որ ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2022 թ.-ին Գամբիայում, Ինդոնեզիայում և Ուզբեկստանում ավելի քան 300 երեխա (հիմնականում մինչև 5 տարեկան) մահացել է երիկամների սուր վնասումից, որն առաջացել է վնասակար նյութեր պարունակող դեղամիջոցների ընդունումից:
Նշվում է, որ երեխաներն ընդունել են առանց դեղատոմսի վաճառվող հազի օշարակներ, որոնց մեջ եղել է մեծ քանակությամբ դիէթիլենգլիկոլ և էթիլենգլիկոլ:
«Այս նյութերը թունավոր քիմիկատներ են, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական լուծիչներ և հակասառեցնող նյութեր, որոնք կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ օգտագործման դեպքում, և երբեք չպետք է լինեն դեղամիջոցներում», — հաղորդել է ԱՀԿ-ն:
ԱՀԿ-ն իր բոլոր 194 անդամ երկրներին կոչ է արել գործողություններ ձեռնարկել՝ մահվան հետագա դեպքերը կանխելու համար: Կազմակերպությունը որոշակի դեղամիջոցների հետ կապված ահազանգեր է ուղարկել և խնդրել է հեռացնել դրանք դեղատներից:
Օշարակներն արտադրած ընկերություններից են հնդկական Maiden Pharmaceuticals-ը և Marion Biotech-ը, որոնք կապված են Գամբիայում և Ուզբեկստանում երեխաների մահվան դեպքերի հետ: