Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Հրապարակված լուսանկարներից երևում էր, որ այն հասարակ, գյուղական տուն էր։
Հաշվի առնելով փաստը, որ այդ բնակավայրերում մինչև վերջերս չկային ռազմական օբյեկտներ, իսկ բոլորիս հայտնի զորամասերը գտնվում են Սոթք գյուղի մերձակայքում, «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն այցելել են այդ տարածքի սահմանամերձ մի քանի այլ բնակավայրեր և պարզեցին, որ Ազատ գյուղում տեղակայված «կացարանը» միակը չէ։
Քողարկիչ ցանցը կացարանները հեշտ հայտնաբերելու միջոց
Սկսենք թերևս նրանից, որ բնակավայրերի տարածքում տեղակայված կացարանները գտնելը ավելի հեշտ էր, քան կարելի էր պատկերացնել։ Դրանք գտանք քողարկիչ ցանցերի «շնորհիվ»։ Այսինքն՝ այն, ինչը նախատեսված է քողարկելու համար, օգնում է հեշտ գտնել։ Եվ եթե լրագրողները դրանք գտել են առանց որևէ լրացուցիչ տեղեկություններ իմանալու, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի զինված ուժերի համար դրանք գտնելն ավելի հեշտ է։
Հաշվի առնելով թեմայի նրբությունն ու վտանգավորությունը, ինչպես նաև առաջնորդվելով զինվորներին չվնասելու սկզբունքով՝լրատվամիջոցը չի հայտնում, թե որտեղ են եղել այդ կացարանները և քանիսն էին դրանք, սակայն կարող ենք ասել, որ դրանք սովորական գյուղական տանը տեղակայված զորամիավորումներ էին։ Հրապարակային չէ նաև, թե քանի զինվորի համար են դրանք նախատեսված կամ քանի զինվոր էր այդ պահին բնակվում այնտեղ՝ կրկին անվտանգության և հակառակորդին տեղեկություններ չտրամադրելու նպատակով։
«Կացարանի» պայմանները
Զինվորներն ապրում են հասարակ, մյուս գյուղական տներից չտարբերվող տանը։ Վարդենիսի այդ գյուղերում գազամատակարարում չկա, և տները ջեռուցվում են փայտով, ածուխով և նույնիսկ աթարով։ Կացարանում ջեռուցման համար ընդհանուր օգտագործման սենյակում տեղադրված էր վառարան (ամենայն հավանականությամբ՝ նախատեսված ածխի համար)։ Սենյակում և տան շրջակայքում դարսված փայտերից ենթադրվում է, որ ջեռուցման համար օգտագործվում էր փայտ։
Նույն սենյակը օգտագործվում էր նաև որպես գրասենյակ, զինանոց և այլն։ Ի դեպ, զորամասերում զինանոցները լինում են առանձին սենյակում, երկաթյա ճաղերով և խիստ պահպանված են հակահրդեհային անվտանգության կանոնները։ Զինանոցում չի կարող լինել որևէ հրավտանգ առարկա։ Իսկ այստեղ՝ զինանոցից ընդամենը 3-4 մետր հեռավորության վրա, տեղադրված էր վառարան, սենյակում կային նաև սեղաններ, աթոռներ, բազմոց, հատակը փայտյա էր և այլն։ Այսինքն՝ հրդեհի դեպքում զինանոցում եղած պայթուցիկի վառվելու հավանականությունը շատ մեծ էր։
Պետք է նշել նաև, որ պատուհանագոգին դրված էր կրակմարիչ։ Թե որքանով էր այն օգտագործելի կամ արդյո՞ք դեռ պիտանելիության ժամկետի մեջ էր՝ դժվար է ասել, այնուամենայնիվ արձանագրենք, որ այն գոյություն ուներ։
Հատկանշական է նաև այն, որ ամենաբարձր կոչումով զինվորականը, որի անունը ևս անվտանգության նկատառումներից ելնելով չի հրապարակվում, շարունակում էր պնդել, որ իրենք ապրում են շատ լավ պայմաններում, բողոքելու ոչինչ չունեն, ժամանակին սնունդը հասցվում է, սպիտակեղենը փոխվում, զինվորները՝ լողանում։ Վերջինս միայն մեկ խնդրանք ուներ․«Այնպես անել, որ բացվի Լաչինի միջանցքը և Ալիևը չհարձակվի»։
Լուսանկարներում զինծառայողներին տրամադրված կացարաններից երկուսն են
Ազատ գյուղի «կացարանը»
Փլատակները դեռևս ծխում էին։ Դրսում թափված մետաղի կտորներից ակնհայտ էր, որ դրանք զինվորական մահճակալներ էին։ Թե որտեղ էր տեղադրված եղել վառարանը հրդեհի պահին՝ հայտնի չէ, սակայն ավերված տնից երևում է, որ ենթադրյալ հրդեհված սենյակն ուներ մեկ մուտք։ Սենյակներից մեկի կանգուն մնացած երկու պատուհաններն էլ ամրացված էին ճաղավանդակներով։ Նույնպիսի ճաղավանդակներ ուներ նաև տան մյուս սենյակը։ Ճաղավանդակներից մեկը վնասված էր, ինչից կարելի է ենթադրել, որ փորձ էր արվել այն ջարդելով դուրս գալ սենյակից, բայց չէր ստացվել։
Երկու սենյակներն էլ ունեին մեկական ելք դեպի միջանցք կամ ընդհանուր օգտագործման սենյակ։ Ենթադրվում է, որ վառարանը տեղադրված է եղել հենց այդ սենյակում, դռներին բավական մոտիկ և բռնկված հրդեհի հետևանքով փաստացի փակվել էին սենյակների միակ ելքերը։
Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Ազատ գյուղի տունը պատկանում է Սվետլանա Աթանեսյանին։ Վերջինս տան սեփականատերն է 2006 թվականից։ Տան նկատմամբ անշարժ գույքի այլ գործարքների մասին տեղեկություններ (վարձակալություն, անհատույց օգտագործում, նվիրատվություն և այլն) Կադաստրի կոմիտեում առկա չեն։
Երբվանից են զինվորները գյուղի տներում
Թե երբվանի՞ց են զինվորները բնակվում այդ կացարաններում՝ տարբեր հայտարարություններ են հնչել։ Վարչապետի խոսքով՝ զինվորներն Ազատ գյուղի կացարանում են 2020-ի պատերազմից հետո, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2021-ի մայիսյան ներխուժումից հետո, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել էր, որ զինծառայողներն այդտեղ էին 2020-ից հետո, սակայն մշտական տեղակայվել էին 2021-ի դեպքերից հետո։ Ըստ էության՝ հաստատելով և՛ վարչապետին, և՛ Քննչական կոմիտեին։
Մեկ այլ կացարանում լրատվամիջոցի հետ զրուցած զինծառայողն էլ հայտնեց, որ իրենք այդտեղ են 2022-ի սեպտեմբերի հարձակումից հետո։
Այս տների սեփականության իրավունքի վերաբերյալ տեղեկությունները ևս չեն հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այսպիսով փաստենք, որ Ազատ գյուղի հայտնի կացարանը միակը չէ, որը գտնվում է այդ վիճակում։ Կան նմանատիպ բազմաթիվ տներ, որտեղ իրենց ծառայությունն են իրականացնում զինվորները։ Այստեղ չեն պահպանվում հակահրդեհային, սանիտարական, անվտանգության կանոնների մեծ մասը, չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ և կենցաղային պայմաններ։ Չկան վթարային ելքեր, պատուհանները ճաղերով փակված են և այլն։