«Ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրից հավաստի տեղեկություններ ենք ստացել ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունների մասին։
Երեկվանից այդ բանակցությունները մտել էին վճռորոշ փուլ եւ անգամ հույսեր կային, որ Բաքուն զիջելու է եւ իր «էկոցուցարարներին» հետ է քաշելու Լաչինի միջանցքից։ Բանակցություններին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի ներկայացոււցիչները եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները։ Իրավիճակի սրմանը զուգահեռ ռուսները խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի եւ կողմերը կոմպրոմիսի գան։ Մեր տեղեկություններով, ռուսական կողմի հորդորներով հայկական կողմը կոմպրոմիսային առաջարկ է արել ադրբեջանականին։
Առաջարկը եղել է այսպիսին․ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք Արցախի գազամատակարարումը, որից հետո մենք թույլատրում ենք, որ մի փոքր խումբ՝ ձեր ներկայացուցիչ «բնապահպաններից»՝ մեր ուղեկցությամբ, այցելեն Կաշենի եւ Դրմբոնի հանքեր՝ «մոնիթորինգ անելու»։
Այս առաջարկի շուրջ երկար՝ մեկ օրից ավելի խորհելուց հետո, Ադրբեջանը հրաժարվել է, ասելով, որ պետք է հակառակ հերթականությամբ արվի դա․ նախ, դուք թույլատրում եք, որ մենք գնանք հանքեր՝ մոնիթորինգ անելու, ապա նոր կբացենք ճանապարհը եւ կվերականգնենք գազամատակարարումը։ Հայկական կողմը, բնականաբար, թուրքական խորամանկությանը չի տրվել եւ բանակցությունները ավարտվել են անարդյունք։
Սրանով արդեն իսկ վերջնականապես ադրբեջանցիները խոստովանել են, որ ոչ թե հանքերն ու էկոլոգիան է իրենց հետաքրքրում, այլ Արցախը վերցնելու խնդիր են լուծում՝ նման նենգ ու հետեւողական քայլերով, 21-րդ դարում հումանիտար աղետ առաջացնելով եւ խաղաղ բնակչությանը բլոկադայի ենթարկելով։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցած մեր աղբյուրը նկատեց, որ սա նշանակում է այս պահին բանակցությունների լիակատար ձախողում, ինչն իր հերթին նշանակում է, որ բլոկադան շուտ չի ավարտվի եւ Արցախը պետք է պատրաստ լինի երկարատեւ դիմակայման»։