Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ «բնապահպանական» կեղծ պատճառաբանություններով փակում է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի 120․000-ից ավելի բնակիչ շրջափակման մեջ է հայտնվում:
Նշենք, որ առաջին նման դեպքը եղել էր դեկտեմբերի 3-ին, երբ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը 3 ժամ անց բացվել էր՝ Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում: Պաշտոնական Երեւանի կողմից արձագանք միջադեպի վերաբերյալ չեղավ՝ բացառությամբ առանձին պաշտոնյաների կամ պատգամավորների հարցազրույցները:
Այսօր ևս ադրբեջանցի կեղծ բնապահպանների խումբը առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին:
-Պարո՛ն Հակոբյան, ադրբեջանական կողմը թեեւ իր սադրանքները հիմնավորում է «բնապահպանական» կեղծ պատճառաբանություններով, բայց ակնհայտ է, որ թշնամու նպատակը հեռուն գնացող է: Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Ադրբեջանը, ինչի՞ է ուզում հասնել նա.
-Ադրբեջանը նպատակ ունի ճնշել Ղարաբաղի ժողովրդին, ամեն ինչ անում է, որ նրանք էլ Արցախում չապրեն, դուրս գան այնտեղից:
— Միջադեպը արդեն երկրորդ անգամն է ըստ էության կրկնվում: Չե՞ք կարծում, որ եթե նախորդ անգամ ՀՀ իշխանությունները պատշաճ արձագանք տային, աղմուկ բարձրացնեին, միջադեպը չէր կրկնվի և Արցախը նորից հումանիտար աղետի առաջ չէր հայտնվի.
-Ինչի՞ եք զարմանում դրանից, Հայաստանի իշխանության բոլոր պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Ղարաբաղը ինքը պետք է բանակցի իր հարցերով: Ինչ ուզում է հայտարարեն, չհայտարարեն, դա որևէ նշանակություն չունի, քանի որ Հայաստանի որևէ հայտարարություն Ադրբեջանի համար նշանակություն չունի:
-Իսկ մտավախություն չկա՞, որ Ադրբեջանի ախորժակը կմեծանա, և նոր պատճառաբանություններ բերելով, այլևս կհրաժարվի բացել Լաչինի միջանցքը :
-Իրենց ախորժակն արդեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով բավարարել են: Այդ փաստաթուղթը կարդացեք, էությունը հասկացեք ու կտեսնեք, որ ամեն ինչ լինելու է , որևէ մեկը չի կարողանալու նրան դիմակայել, եթե լուրջ քայլեր չարվեն: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարդացեք, կհասկանաք՝ Ղարաբաղի ճակատագիրը ինչ է լինելու:
— Ասացիք՝ լուրջ քայլեր պետք է կատարվեն, որո՞նք են այդ քայլերը, իրավիճակից ելնելով՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, արդյո՞ք արդեն հայտարարություններից բացի նաեւ լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը չէ.
-Ես պաշտոնատար անձ չեմ, խորհուրդներ տալով էլ չեմ զբաղվում:Իմ նախկին ելույթները նայեք, երկու տարի առաջ ես գնահատականներ տվել եմ՝ ինչ է եղել և ինչ է լինելու, դրանք բոլորը նույնությամբ կրկնվում են: