Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և իվիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։
Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ու նրանց միացած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել
Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։