Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի սպանության գործով տուժող կողմը հետևողական է լինելու, գնալու է մինչև վերջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Նրա փոխանցմամբ` վարույթի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատագենետիկական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլն, որոնց եզրակացությունները ստանալուց հետո տուժող կողմը միջնորդություններով հանդես կգա:
Ներկայումս տուժող կողմին ոչ բոլոր տվյալներն են հասանելի, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածները, իսկ փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել եւ փաստաբանը զերծ մնաց գնահատականներից, սակայն արձանագրեց, հետողական են լինելու և գնալու են մինչև վերջ, պետք է պարզվի՝ ամեն մանրամասնությամբ:
Դիտարկմանը, որ իրավապահ մարմինների կողմից տրվող պաշտոնական տեղեկություններում ևս առկա են մի շարք հակասություններ, այդ թվում, պարզ չէ, թե այդ ամբողջ ընթացքում որտեղ է եղել Արկադի Բարսեղյանը, տպավորություն է, թե առանձնապես ծանր հանցագործությունները վերագրել են Վրույր Բարսեղյանին՝ միևնույն ժամանակ նրան ներկայացնելով որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ՝ առանց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալու, Գալիկյանն ընդգծեց. «Նախ՝ արձանագրենք, որ Վրույրը հոգեկան հիվանդ չէ: Հոգեկան հիվանդ լինելու համար պետք է փորձագիտական եզրակացություն, որ անձն անմեղսունակ ճանաչված լինի: Եթե անձն ինչ-ինչ խնդրով բանակից ազատվել է, դա դեռ չի նշանակում, որ անձը հոգեկան հիվանդ է և արարքը կատարելու պահին նա անմեղսունակ է եղել: Նշանակված են փորձաքննությունները, երբ եզրակացությունը կստանանք, ավելի հստակ մեկնաբանությունը կանենք»:
Իսկ թե Զարինեի ամուսինն ինչ հարաբերություններ ուներ Վրույր և Արկադի Բարսեղյանների հետ, դիտարկմանը, որ շրջանառվում էին տեղեկություններ, որ «Տիխ»-ի՝ Արկադի Բարսեղյանի հետ արտագնա աշխատանքի են եղել, Գալիկյանը նշեց, որ կոնկրետ հարաբերություններ որպես այդպիսին չի եղել, որևէ թշանամնք չկա:
«Ամեն դեպքում քննությունն ընթանում է: Մենք աչքներս չորս արած հետևողական ենք լինելու, որտեղ նկատեցինք թերություն՝ բարձրաձայնելու ենք »,- ընդգծեց Գարիկ Գալիկայնը: