Մենք կապ ենք հաստատել Արցախում ռուս խաղաղապահների զորախմբի հետ, իրենց միջոցով ենք փորձում հարթել իրավիճակը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիների կողմից իբր բնապահպանական պատճառաբանությամբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն։
«Մենք մշտապես կապի մեջ ենք, իրավիճակի վերաբերյալ կտրվի տեղեկատվություն», — ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ հայտնեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկար, որում երևում են նաև ռուս խաղաղապահները։